Երվանդ Քոչար

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ 
գեղանկարչության հիմնադիրներից: 

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թ-ի հունիսի 27-ին` Թիֆլիսում: Քոչարը 1918–ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-18–ին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–ին՝ Մոսկովյան Ազատ գեղարվեստական արվեստների վերջին կուրսում։ 1919–ին, ավարտելով ուսումը, վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921–ին դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։ 1919–22–ին են ձևավորվել և դրսևորվել նրա արտիստական խառնվածքի հիմնական գծերն ու նախասիրությունները՝ ռացիոնալիզմ, ուժեղ, զգայական ձգտում դեպի պլաստիկ ծավալային ձևը, սիմվոլիկ մտածելակերպ, որոնք բնորոշ են մնացել ողջ ստեղծագործությանը։
1922-ին Քոչարը մեկնել է արտասահման, եղել Կ.Պոլսում, Վենետիկում, ուր ստեղծած մի քանի դիմաքանդակների համար արժանացել է արծաթե մեդալի։ Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական–ձևական հնարների համադրումը։ 1936–ին վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միության շարքերը և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։
 
Պահպանելով նորարարական որոշ ձևամիջոցներ, առաջնակարգ նշանակություն է տվել բովանդակությանը, պատկերվողի կոնկրետ անհատական նկարագրի ու ներաշխարհի բացահայտմանը։ 1944-45–ին նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։ 1948–ին մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։
 
Քոչարի արվեստը իր մեջ ներառում է համաշխարհային հին ու նոր արվեստի, ինչպես և ժամանակակից նորարարական ուղղությունների շատ գծեր ու սկզբունքներ, սինթեզում հայ արվեստի հետ և, չնայած ոճական ու ձևական կողմերի և միջոցների բազմազանությանն ու հարստությանը, մնում է ռեալիստական ամուր հիմքի վրա։
Երվանդ Քոչարի հայտնի արտահայտություններից են.«Ավելի լավ է շտապել, քան ուշանալ», «Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը»,«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է՝ մեռնում է, երբ կշտանում է» :

Комментарии

Популярные сообщения