Տուրիզմի նշանակությունը, զարգացման նախադրյալները և հեռանկարները ՀՀ-ում

Ցանկացած երկրի տնտեսությունը զարգանում է մի շարք փողկապակցված և փողներգործող նախադրյալների հետ համատեղ առկայության պայմաններում: Տնտեսության զարգացման նախադրյալներ են համարվում աշխարհագրական դիրքը, տարածքի մեծությունը, բնական պայմանները և ռեսուրսները արտական տնտեսական հարաբերությունները և այլն: Սակայն կան երկրներ, որոնք աչքի չեն ընկնում թվարկված գործոններից և ոչ մեկով.  չունեն  ո՛չ ընդարձակ տարածք, ոչ էլ հարուստ են բնական ռեսուրսներով, բայց և այնպես՝ համարվում են տնտեսապես բարձր զարգացած երկրներ: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Սան Մարինոն, Անդորրան իրենց եկամտի մեծ մասը ստանում են հենց զբոսաշրջությունից, նամականիշերի, դրոշմանիշերի, հուշանվերների վաճառքից:
ՀՀ մեծության առումով սահմանափակ տարածքի, մի շարք բնական ռեսուրսներով (այդ թվում վառելիքային) աղքատ լինելու և 2 կողմից փակ սահմանների առկայության պայմաններում մեր տնտեսության զարգացման համար խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջությունը: Տնտեսագիտական առումով կարևոր է այն հանգամանքը, որ զբոսաշրջությունից ստացվող եկամուտներն աճում են ավելի արագ, քան զբոսաշրջիկների և այցելուների թիվը:Հաշվարկները ցույց են տալիս, որ վերջին 50 տարվա ընթացքում զբոսաշրջիկներից ստացվող եկամուտը մոտ 9 անգամ աճել է և 80-ից հասել է մոտավորապես 700 դոլարի:
Հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը թե՛ իր բնական, և թե՛ մարդածին հուշարձաններով կարող է դեպի իրեն ձգել միլիոնավոր զբոսաշրջիկների, եթե մենք կարողանանք ճիշտ օգտագործել այն 30 հազար քառ.կմ տարածք կազմող թանգարանը, որը ունենք: Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանը հետաքրքրություն է ներկայացրել՝ իր կողմը գրավելով ճանապարհորդների, առևտրականների, որոնք ճիշտ է չունեին «զբոսաշրջիկի» կոչումը, բայց Հայաստան էին այցելում ոչ միայն նպաստավոր, տարանցիկ դիրքի պատճառով, այլև ծանոթանալու Հայաստանի պատմանական անզուգական հուշարձանների, գիտության և հատկապես մշակույթի նվաճումների հետ:Միջնադարյան Հայաստան են այցելել եվրոպացի շատ ճանապարհորդներ, որոնց թվում Մարկո Պոլոն, ով էլ առաջինն է Եվրոպային հաղորդակից դարձրել Արարատի գեղեցկությանը:
Հայաստան այցելած զբոցաշրջիկները հիացմունքով են խոսել կյանքի բոլոր բնագավառներում հայերի ձեռք բերած հաջողությունների, պատմա-ճարտարապետական և բնական անզուգական հարստությունների մասին: Ամերիկյան  հանրահայտ նկարիչ Ռոքուել Քենտը գրել է. «Եթե ինձ հարցնեին , թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամայից այ փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Երիցս կեցցե’ս դու, հո’ղ հայկական, տաղանդների’ օրրան, հրաշագործների’ օրրան»:
Լեռնային և մասնատված ռելիեֆի պայմաններում ՀՀ-ի համար հեռանկարային և չափազանց եկամտաբեր կլինի հատկապես էկոտուրիզմի զարգացումը. մենք հանրահայտ ենք եզակի ռեկրեացիոն  ռեսուրսներով, սակայն անտառային, ջրային ռեսուրսները տարածական առումով սուղ են: Դժվարանցանելի ռելիեֆի պայմաններում մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել բարձրաբերձ հրաբխային լճերը, բնական հուշարձանները, լեռնային կիրճերը, եկեղեցական և ճարտարապետական կոթողները, որոնք մատչելի են ոչ թե ավտոմեքենաներով, այլ ձիերով, ջորիներով, հետիոտն տուրիզմի համար: Ի դեպ,էկոտուրիզմը չի պահանջում մեծ ներդրումներ և միաժամանակ ունի էկոլոգիական շատ մեծ նշանակություն: Օրինակ՝ ամռան ամիսներին կարելի է արգելել ավտոմեքենաների մուտքը Սևան ազգային պարկի տարածք՝ իրականացնելով էկոտուրիզմի մշակված ծրագիր:
Ձեզ եմ ներկայացնում տուրիզմի զարգացման  մի շատ գայթակղիչ ծրագիր ևս: Պատկերացնու՞մ եք, եթե կառուցվի ճոպանուղի, որը մեզ կտանի դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթ՝ Աժդահակ: Նկարիչների երազած բնապատկերի ականատեսը կլինենք. Կանգնած ես Աժդահակի գագաթին, մի կողմում Գեղատեսիլ Սևանն է, իսկ մյուս կողմում՝ հեռվից քեզ են ողջունում Արարատն ու Արագածը:
Դեռևս մեր հանրապետությունում կան տուրիզմի զարգացումը խաթարող մի շարք գործոններ ևս: Օրինակ՝ ոչ մրցունակ հյուրանոցները (հատկապես մարզերում), Անհամեմատ թանկ գները, ճանապարհների ոչ այնքան բարվոք վիճակում գտնեվելը, և որ ամենակարևորն է՝ գովազդի բացակայությունը կամ չափազանց ցածր որակի լինելը:
Պետք է մշակվի տուրիստական այնպիսի սպասարկում, որը կգոհացնի ցանկացած արտասահմանցի քմահաճ զբոսաշրջիկի՝ հաշվի առնելով նրա ազգային պատկանելությունը և բնավորության գծերը:

Комментарии

Популярные сообщения