Հայկական ձեռագրական կորուստները մեծ Եղեռնի ժամանակ



Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակչության տեսակարար կշռի տեսանկյունից ոչ մի ժողովուրդ չկրեց այնպիսի խոշոր կորուստներ, ինչպիսին հայերը: 1915 թվականին հայ ժողովուրդը ենթարկվեց աշխարհում առաջին կանխամտածված ցեղասպանությանը' գենոցիդի, որը մարդկության դեմ ուղղված ամենամեծ հանցագործությունն է: Շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին իրենց բնօրրանից եւ դաժանաբար կոտորվեցին:
Բացի մարդկային կորուստներից, ահռելի էին նյութական կորուստները' ավերվեց շուրջ 66 քաղաք ու ավան, 25000 գյուղ, 2350 վանք ու եկեղեցի, 1500 դպրոց: Անդառնալի էին նաեւ մշակութային կորուստները, պատահական չէ, որ հայոց ցեղասպանությանն անդրադարձողները հաճախ օգտագործում են նաեւ «մշակութային եղեռն» արտահայտությունը, քանի որ Արեւմտյան Հայաստանում բնակվող հայերին ոչնչացնելով թուրքերը հենց այդ եւ հետագա տարիներին ծրագրված սկսեցին ոչնչացնել նաեւ հայկական հարուստ քաղաքակրթության հետքերը, պատմաճարտարապետական եւ այլ մշակութային արժեքներ:
Եղեռնի հետեւանքով հսկայական էին հայկական ձեռագրական մշակույթի կորուստները:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում հայերեն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն պահվում էր Էջմիածնի կաթողիկոսարանի մատենադարանում : 1915 թ. փետրվարի սկզբին պատերազմի հնարավոր հետեւանքներից խուսափելու համար Էջմիածնի վանքում պահվող մի շարք թանկագին իրեր եւ բոլոր 4660 ձեռագրերը տեղավորվում են արկղերի մեջ եւ ուղարկվում Մոսկվա, ուր պահվում են Հայոց Վերացման Ս. Խաչ եկեղեցու խորաններում : Նույն թվականին, երբ Արեւմտյան Հայաստանը դարձել էր ռազմական գործողությունների թատերաբեմ, իսկ թուրքական իշխանությունն օգտվելով ստեղծված կացությունից իրականացնում էր տեղի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսը հատուկ հրամանով հանձնարարում է Վանա լճի Լիմ կղզու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանին կորստից փրկել եւ Էջմիածին ուղարկել Լիմ, Կտուց, Աղթամար կղզիների վանքերի, Վան քաղաքի եկեղեցիների եւ այլ վայրերի ձեռագրերը : Հյուսյանին դա հաջողվում է անել մասամբ : Նրա եւ այլ նվիրյալների անձնվեր ջանքերով հաջողվում է 1915-16 թվականներին Էջմիածին տեղափոխել շուրջ 1450 ձեռագիր : Սակայն կորուստները բազմապատիկ ավելի էին : Բավական է նշել, որ հազարից ավելի ձեռագրեր ունեին միայն Լիմ եւ Աղթամար վանքերը: Սակայն Վասպուրական գավառը մոտ էր Արեւելյան Հայաստանին եւ այստեղի մատյանների մի մասը փրկվեց ռազմաճակատի գծի առաջ շարժվելու շնորհիվ : Մինչդեռ ավելի խորք ընկած գավառներում , Փոքր Հայքի եւ Անատոլիայի հայաշատ վայրերի մշակութային արժեքներն ու ձեռագրերը շատ դեպքերում իսպառ կորստի մատնվեցին : Հայտնի է, օրինակ , որ Կեսարիայում շուրջ 700 մատյան է ոչնչացել :
Առաջին համաշխարհային պատերազմի եւ նախընթաց տարիներին տեղի ունեցած ձեռագրական հսկայական կորուստների փաստագրմանն է նվիրված պրոֆեսոր Սուրեն Քոլանջյանի ընդարձակ հոդվածաշարը, որը 1965-67 թվականներին տպագրվել է «Էջմիածին»ամսագրում: Մանրամասների մեջ չխորանալով նշենք, որ կորած, ոչնչացված մատյանների մեջ եղել են նաեւ եզակի արժեքներ, ինչպես օրինակ 10-րդ դարից պահպանված եւ Գրիգոր Նարեկացու ինքնագիրը համարված ձեռագիրը, որը ոչնչացվել է Ալյուր գյուղի եկեղեցում :
Հիշատակելի է նաեւ, որ եղեռնից մազապուրծ գաղթական հայերը փրկել ու իրենց հետ զանազան երկրներ են տարել մի շարք ձեռագրեր, որոնք հետագայում հայտնվել են տարբեր թանգարաններում կամ «հայրենադարձվել» են Հայաստան:
Պատերազմի ավարտից եւ քաղաքական վայրիվերումների տեւական շրջանից հետո 1922 թ. Մոսկվայից Էջմիածին են վերադարձվել մատենադարանի 4660 մատյանները եւ այստեղ միացել մինչ այդ հավաքված 1730 ձեռագրերին : 1939-ին, դեռեւս 1920 թ. խորհրդային իշխանության կողմից պետականացված մատենադարանը տեղափոխվել է Երեւան : Այսօր Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հայերեն ձեռագրերի թիվը հասնում է 11 հազարի: Դրանց թիվը կարող էր առնվազն կրկնակի լինել, եթե տեղի չունենար 1915-ի հայոց ցեղասպանությունը:


Комментарии

Популярные сообщения