Միսակ Մեծարենց Ձմռան պարզ գիշեր

Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։


Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր։


Կ'ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ.
Կ'ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու Ժամանակ՝
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։


Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
Այս պաղատագին շարԺուձեւիս մէջ,
Ու մինչ կ'ողողեն զիս ցոլքերդ անշէջ,
Աչքերս ալ մոռնան տակաւ այս նատիր։


Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս,
Ընդունէ՜, միստիք ո՜վ անդորրութիւն
Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն,
Եւ համբոյրն անանց՝ զոր կու տայ հոգիս։



Սենեակս է լեցուն յուշքերովն աղի
Երէկի հովին վայրագ տարփանքին.
Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
Վախը գրգանքին անոր կատաղի։


Նե՛րս խուԺէ ուԺգին, նե՜րս պատուհանէս
Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին
Քու սրբութիւնով իր խորշերն յորդին,
Եւ ես արթննամ վաղնջուց քունէս։


Համբոյրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծըծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։

Նկարագրում է գիշերվա պարզությունը: Դիմելով գիշերվան.ասում է . <<Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր։  
Հեղինակը  ցանկանում է, որ ժամանակը կորչի ու ինքը   մնա  գիշերվա մեջ մենակ: Հեղինակը ցանկանում է, որ  գիշերը ներս մտնի իր պատուհանից և օդը լցնի կախարդանքով ու ինքը արթնանա իր քնից:  

Комментарии

Популярные сообщения